ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մալթայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին

Armenpress 19:36, 5 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Մալթայի կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների հաղթահարման հնարավորություններին։

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am