Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Մոնթեբելոյի քաղաքապետի հետ

Armenpress 13:12, 29 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, այցի սկզբում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել Դավիթ Բաբայանի և Մոնթեբելոյի քաղաքապետ Քիմբերլի Էն Կոբոս-Քոութորնիի հանդիպումը, որին մասնակցել են նաև քաղաքային իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ։ Քննարկվել են Մոնթեբելո-Արցախ փոխհարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Բաբայանն ընգծել է, որ Արցախում կարևորում են Մոնթեբելոյի հետ փոխհարաբերությունները՝ այս համատեքստում արժևորելով Ստեփանակերտ-Մոնթեբելո քույր-քաղաքների համաձայնագիրը, որը տարիներ շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am