ՓՄՁ-ներին կներկայացվեն պարենային անվտանգության ստանդարտներն ու պահանջները. ՍԱՏՄ-ն ու ՊՀԾ-ն հուշագրիր են ստորագրել

Armenpress 19:54, 23 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Նաննա Սկաուն սեպտեմբերի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը փոքր ու միջին ձեռնարկությունների կարողությունների զարգացման շուրջ համագործակցությունն է՝ ուղղված պարենային ապահովության նվազագույն ստանդարտների ապահովմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Նաննա Սկաուն հույս է հայտնել, որ այս ուղղությամբ կատարված առաջին քայլը դրական արդյունքներ կապահովի հետագա նպատակային համագործակցության համար: Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ տեսչական մարմինը պատրաստ է ներդնել հասանելի բոլոր ռեսուրսները սննդամթերքի անվտանգության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունենալու և փոխգործակցության լայն ասպարեզ ապահովելու համար:

Նշվում է, որ այս համագործակցությունը կխթանի պարենային արտադրության շղթաներում ներգրավված ֆերմերական տնտեսությունների գիտելիքների ու կարողությունների զարգացումը սննդամթերքի անվտանգության և պարենային ապահովման ստանդարտների կիրառման, ինչպես նաև վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի ներդրման բնագավառում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am