ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը

Armenpress 17:50, 22 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին սեպտեմբերի 22-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները կշարունակեն արձանագրել զարգացման դրական դինամիկա:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իսպանական հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև՝ տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու ներուժի իրացման շուրջ:

Նախագահ Խաչատուրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիային, նշել, որ Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության, ինչպես նաև միջազգային հանրության հասցեական արձագանքի:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am