Պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է. Փալոն

Armenpress 12:19, 15 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 15, ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձևով, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և հաստատում է Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին:

«Մենք պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ  «Թվիթեր»-ի իր  միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։

Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի ղեկավարության հետ միասին շրջանառության մեջ է դրել երկկուսակցական օրինագիծ, որը դատապարտում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումները:

Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ նշելով, որ Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևը «անհապաղ և անվերապահ հրադադարի» և «Ադրբեջանին հատկացվող բոլոր տեսակի օգնությունները անհապաղ դադարեցնելու» կոչ է անում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am