ՄԻԵԴ-ն անդրադարձել է Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանմանը

Armenpress 20:52, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

«ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց»,-նշված է հայտարարության մեջ:

ՄԻԵԴ-ը նաեւ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am