Մարմնամարզության ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

Armenpress 17:54, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներից 4-ը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս են եկել եզրափակիչ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր): Նժույգթափերի եզրափակչում է նաև Հարություն Մերդինյանը՝ երրորդ հորիզոնականով (14,500 միավոր): Օղակների վրա վարժության եզրափակիչ են անցել Վահագն Դավթյանը (14,666) և Արթուր Ավետիսյանը (14,633):

Որակավորման փուլի արգելքը չի հաղթահարել միայն Գագիկ Խաչիկյանը: Բազմամարտում նա վաստակել է 78,932 միավոր և դուրս է մնացել մեդալային պայքարից:

Հայաստանի մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ: Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին:

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Մյունխենում պայքարի դուրս կգան երիտասարդ մարմնամարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում էլ ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը:

Երիտասարդական հավաքականը մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ հանդես կգա թիմային պայքարում: Երեք մարմնամարզիկներն էլ մասնակցելու են բազմամարտին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am