Շիրակի մարզում ընթացքի մեջ են Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները

Armenpress 10:01, 16 Օգոստոս, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  16  ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզում իրականացվում են 3 բնակավայրերի՝ Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նույն ծրագրով Հովունիի դպրոցի մոդուլային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար էլ կառավարությունն այս տարի գումար է հատկացրել։

Այս տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը՝ նշելով, որ Ամասիա համայնքի երկու բնակավայրերում՝ Բերդաշենում և Արեգնադեմում շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ Բերդաշենի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 650 մլն դրամ: Ծրագրի պատվիրատու է հանդիսանում ՀՀ քաղաքաշինության կոմիտեն: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին և իրականացվել է շուրջ 100 մլն դրամի աշխատանք: 2022 թվականին շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 240 մլն դրամ: Դրանք իրականացվում են  «Վանի» ՍՊԸ-ի կողմից: Ծրագիրը կավարտվի 2023 թվականին: Արեգնադեմի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման նախահաշվային արժեքն էլ կազմում է շուրջ 493,23 մլն դրամ: Շինաշխատանքները մեկնարկել են 2021-ին, իրականացվել է շուրջ 50 մլն դրամի աշխատանք: Այս տարի շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 339,98 մլն դրամ: Կապալառու կազմակերպությունը «Տ-Քնսթրաքշն» ՍՊԸ-ն է: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023-ին:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am