Վարչապետ Փաշինյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Մոդիին

Armenpress 18:52, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուրախալի է տեսնել իր անկախության տարիների ընթացքում Հնդկաստանի նշանակալի առաջընթացն ու նվաճումները։ Հնդկաստանի դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում իր դրական ներգործությունն է ունենում աշխարհի զարգացման և արդիականացման վրա։ Մենք կիսում ենք ընդհանուր արժեքները և շահերը, որոնք իրապես ամրապնդում են երկու երկրների միջև փոխվստահության վրա խարխսված կապերը: Ինչպես պատմության խորքից եկող մեր առնչությունները, այնպես էլ տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը յուրահատուկ բնույթ են հաղորդում մեր գործընկերությանը: Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Հնդկաստանին նաև գլոբալ մարտահրավերների կարգավորման իր ջանքերում: Ապահովելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ մենք պատրաստակամ ենք աջակցելու առևտրատնտեսական, ներդրումային և տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության նոր և հավակնոտ ծրագրերի իրականացմանը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն, բազում հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ երկինք ու բարօրություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am