Մահացել է Սեյրան Սարոյանը

Armenpress 11:54, 13 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը:

Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզի (նախկինում՝ Էջմիածնի շրջան) Հայկաշեն գյուղում: 1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1993թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն, 1996թ.` Հունաստանի ցամաքային զորքերի, 2001թ.` ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները: 2006թ.՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` պետության ռազմական անվտանգություն մասնագիտությամբ: Արցախյան շարժման մասնակից է: 1989թ. ստեղծել է կամավորական ջոկատ: Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում՝ «Արծվիկ-10» գումարտակը եւ օպերատիվ խումբը մասնակցել են Քելբաջարի, Ղուբաթլիի, Զանգելանի ազատագրման մարտերին: 1993-2007թթ. եղել է ՀՀ զինված ուժերի գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա՝ 4-րդ կորպուսի հրամանատար: 2000թ. շնորհվել է գեներալ-մայորի կոչում: 2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 19 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: Անկուսակցական: 2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 19 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: Անկուսակցական: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Պարգեւատրվել է Արիության մեդալով (1994թ., ՀՀ), «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի (1996թ., ՀՀ) եւ  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի (2002թ., ԼՂՀ) շքանշաններով,  «Մարշալ Բաղրամյան» (1997թ., ՊՆ), «Դրաստամատ Կանայան» (2002թ., ՊՆ), «Անբասիր ծառայության համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի (2003 եւ 2004թթ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2004թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2006թ., ՀՀ) մեդալներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am