ԱԻ նախարար Փամբուխչյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր. Աբովյանի ՀՓՋ-ի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

Armenpress 18:58, 12 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ օգոստոսի 12-ին այցելել է Կոտայքի մարզային փրկարարական վարչություն (ՄՓՎ) և հրշեջ-փրկարարական ջոկատներ (ՀՓՋ): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Աբովյանի ՀՓՋ-ի շենքը վերանորոգման փուլում է. նախարարը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին, մանրամասները ներկայացրել է Կոտայքի ՄՓՎ պետ Գևորգ Սեդրակյանը: Վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ԱԻՆ Փրկարար ծառայության տնտեսած միջոցների հաշվին։ «Գերատեսչության ղեկավարը շրջել է նաև Եղվարդի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներով, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը, զրուցել անձնակազմերի հետ, լսել նրանց առաջարկներն ու առկա հնարավոր խնդիրները: Մարզային այցի ընթացքում Ա. Փամբուխչյանն այցելել է Հրազդան քաղաքում տեղակայված ՋԷԿ-ի հրշեջ փրկարարական ջոկատ, իսկ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ նաև Հրազդանի ՀՓՋ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ վերջին կանգառը Գառնիի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետն էր: Նախարար Արմեն Փամբուխչյանը զրուցել է խմբի անդամների հետ և վստահեցրել, որ նախարարությունը կարևորում է նրանց գործունեությունը և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում: Նշվում է, որ գերատեսչության ղեկավարի մարզային այցելությունները կրում են շարունակական բնույթ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am