Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Խաչիկ Ստեփանյան փողոցը

Armenpress 16:07, 11 Օգոստոս, 2022

ԳԱՎԱՌ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խաչիկ Ստեփանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն 175 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ճանապարհի ասֆալտապատում՝ 700 մետր երկարությամբ եւ 4900 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Կառուցվում է նաեւ միակողմանի մայթ՝ 1,5 մետր լայնությամբ եւ 700 մետր երկարությամբ, եւ աղբամանների տեղադրման կետեր։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Կապավոր» ՍՊԸ-ի  ճանապարհաշինարարները։ Թեեւ սուբվենցիոն ծրագիրն ընդունվել է 2021 թվականին, սակայն շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է այս տարի, քանի որ նույն փողոցում «Վեոլիա աջուր» ընկերությունը ջրատարի ներքին ցանցի հիմնոնորոգման աշխատանքներ ուներ իրականացնելու։

Աշխատանքները սկսվել են այս տարվա ապրիլ ամսից եւ օգոստոսի 11-ի դրությամբ արդեն ավարտված են մոտ 60 տոկոսով։ Ըստ «Կապավոր» ՍՊԸ Վարդենիսի տեղամասի տնօրեն Գեւորգ Փոստոյանի՝ շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Խաչիկ Ստեփանյան փողոցի բնակիչները կունենան բարեկարգ ու հիմնանորոգված փողոց, որը միաժամանակ Վարդենիս քաղաքին է կապում համայնքի 15 բնակավայրեր տանող ճանապարհը։

Խոսրով Խլղաթյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am