Չինաստանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը համարում են միջազգային համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հարթակ

Armenpress 13:12, 9 Օգոստոս, 2022

ՍԻԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Կոմունիստական կուսակցության, «Ժենմին Ժեբաո» (People`s Daily) թերթի և Շանսի նահանգի ղեկավարության նախաձեռնությամբ անցկացվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեդիահամագործակցության ֆորումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրի շրջանակներում լրագրողները ևս մասնակցություն ունեցան ֆորումին:

Չինաստանի կոմունիստական կուսակցության հրապարակախոսության բաժնի ղեկավար և Չինաստանի կոմկուսի քաղբյուրոյի անդամ Հուանգ Կունմինգն իր խոսքում ընդգծեց, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարն ակնհայտորեն զարգացման այլ աստիճանի է հասցրել Չինաստանի համագործակցությունն այլ երկրների հետ:

«Պանդեմիայի պայմաներում միայն միասնական համագործակցությամբ է հնարավոր առաջխաղացում ունենալ: ԶԼՄ-ները մեծ դեր են խաղում ինֆորմացիայի տարածման,  փոխադարձ վստահության ամրապնդման գործում: Անփոխարինելի են համագործակցության այն ուղիները, որոնք ձևավորվում են բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջոցով: Մենք լիահույս ենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի շրջանակներում համագործակցության և փոխըմբռնման նոր մակարդակի կհասնենք:  Նախագահ Սի Ծինփինի առաջարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը վառ գաղափար է, որի իրագործման միջոցով կարելի է ստեղծել համաշխարհային համագործակցության նոր մակարդակ»,-ասաց նա:

Չինաստանի կոմունիստական կուսակցության հրապարակախոսության բաժնի ղեկավարը հետագա համագործակցության հույս հայտնեց օտարերկրյա լրագրողների հետ:

«Լրագրողները կարող են օգնել արդար հասարկություն ստեղծելու հարցում: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը քաղաքակրթության նոր ճանապարհ է: Միայն բաց և արդար համագործակցության շնորհիվ առաջխաղացում կապրենք»,-առանձնացրեց նա:

Չինական People`s Daily պարբերականի նախագահ Տու Ժենն ընդգծեց, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարը հրաշալի պլատֆորմ է համաշխարհային համագործակցության համար:

«Միասին, ձեռք-ձեռքի տված կարող ենք հաղթահարել մեր առաջ ծառացած խնդիրները: Այս կերպ կկարողանանք զարգացնել փոխադարձ ըմբռնումն ու վստահությունը տարբեր ազգերի միջև: Ֆորումների և այլ պլատֆորմների միջոցով մենք համագործակցության նոր մակարդակի ենք հասել: Այս կերպ շահում ենք բոլորս: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը թող դառնա խաղաղության և զարգացման կանաչ ճանապարհ»,-ասաց նա:

Պարբերականի նախագահը շեշտեց, որ ԶԼՄ-ները շարունակում են մեծ դեր խաղալ տարբեր երկրների միջև համագործակցությունը խորացնելու գործում:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության՝ Շանսի նահանգի քարտուղար Լիու Գուժոնգը ևս կարևորեց ԶՄԼ-ների դերը տարբեր երկրների միջև համագործակցության, համատեղ առաջընթաց ապահովելու գործում: «Այս ֆորումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի շրջանակներում կարող է բարձրացնել համագործակցությունը մի շարք երկրների միջև: Վերջին շրջանում մենք մեծ տեղ ենք տալիս միջազգային կապերի հաստատմանը: Այս հարցում հույսեր ենք կապում օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների հետ»,-ասաց նա:

Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամ, արտաքին կապերի տեղակալ Քիան Հոնգշանը նմանատիպ ֆորումները կարևորում է, քանի որ դրանք հատուկ դեր են խաղում երկրների միջև համագործակցությունն ու  կապերը խորացնելու հարցում: «Մենք հավատարիմ ենք մնում հավասարության, արդարության գաղափարներին, որոնք մեծ դեր են խաղում զարգացում և առաջընթաց  ապահովելու համար: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը մեզ համար նոր հնարավորություն է զարգացման այլ փուլի անցնելու և առաջ գնալու համար: Այս ամենում մեծ դեր են խաղում ԶԼՄ-ների ներկայացուցիչները»,-իր խոսքում ընդգծեց նա:

Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչ, Կոմունիստական կուսակցության անդամ Լին Խինը շեշտեց, որ ֆորումի նպատակը տեղեկատվությամբ փոխանակվելն է: Նա ևս իր խոսքում կարևորեց Սին Ծինփինի առաջարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափար իրագործումը:

«Սինխուա» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Ժու Ժոնգմինը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարը համեմատեց արդեն արմատներ տված ծառի հետ, որը շարունակում է աճի մեծ հեռանկարներ ունենալ: «ԶԼՄ-ների ուսերին է ծառացած այն բեռը, որը հիմք կծառայի ապագա համագործակցության համար: Մենք պետք է կապող օղակ լինենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարի շուրջ համախմբված ժողովուրդների միջև»,-ասաց Ժու Ժոնգմինը:

Ֆորումին մասնակցեցին ներկայացուցիչներ Ռուսաստանից« Կորեայից, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի երկրներից, Սինգապուրից, ինչպես նաև Չինաստանի կառավարության ներկայացուցիչներ:

Ֆորումը կազմակերպվում է սկսած 2014 թվականից, մինչ այս անցկացվել էր 5 անգամ:  Ֆորումին մասնակցում էին աշխարհի շուրջ 40 երկրների ավելի քան 120 ներկայացուցիչներ:

Լուսանկարը՝ People’s Daily

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am