Շախմատի տղամարդկանց թիմը զիջեց Ուզբեկստանին. Օլիմպիադա

Armenpress 19:29, 7 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին առաջին պարտությունը կրեց Համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ուզբեկստանի ընտրանու հետ և զիջեց 1:3 հաշվով:

Հայաստանի ընտրանու կազմում պարտություն կրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: Այժմ Հայաստանի հավաքականը կիսում է երկրորդ և երրորդ տեղերը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի:

Համաշխարհային Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 9-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am