Քանդակագործությունը՝ հիմնական շեշտադրում. Երևանի սրտում բացվեց «Ֆորմ ընդ սիզոնս» նոր պատկերասրահը

Armenpress 15:49, 23 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, հուլիսի 21-ին պաշտոնապես բացվեց «Ֆորմ ընդ սիզոնս» նոր պատկերասրահը: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատկերասրահի հիմնադիրները նշեցին՝ իրենց նպատակն է բացահայտել նոր տաղանդաշատ ստեղծագործողների և արվեստի միջոցով ավելի ճանաչելի դարձնել նրանց ուրույն խոսքն ու մոտեցումը մշակութային աշխարհում: 

Պատկերասրահի համահիմնադիր Լուսինե Սիմոնյանն ընդգծեց՝ պատկերասրահում շեշտը դրել են քանդակագործության վրա, ներկայացված են ինչպես ավագ սերնդի, այնպես էլ՝ երիտասարդների աշխատանքները: Ցուցադրվում է ավելի քան 25 հեղինակների ստեղծագործություն: 

«Մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում նկատել ենք, որ հանրությունը, թերևս, առավել նախընտրում է գեղանկարչությունը: Եվ հիմա մեր առջև խնդիր ենք դրել՝ հանրությանը կամաց-կամաց սովորեցնել գնահատել, ընդունել քանդակագործությունը»,- նշեց Լուսինե Սիմոնյանը: 

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ողջունեց այն հանգամանքը, որ արվեստի ցուցասրահներ են բացվում: Վերջինս նշեց, որ մեր երկրում պատկերասրահների պակաս կա, ու դրանց ավելացումը զարգացման է տանելու:  

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Ես ուրախ եմ, որ այսօր մենք ականատես ենք ևս մեկ մշակութային հաստատության ստեղծմանը: Լիահույս եմ, որ այն երկար տարիների կյանք կունենա, կկարողանա ընդլայնել իր աշխարհագրությունը և խթան կհանդիսանա հայ կերպարվեստի զարգացման համար»,- ասաց նա: 

Պատկերասրահի համադրման աշխատանքները կատարել է համահիմնադիր Արմեն Թուրաջյանը: Նա ընդգծեց՝ իրենց գործունեությունը սկսել են դեռևս մի քանի տարի առաջ՝ Հայաստանից դուրս տարբեր ցուցահանդեսներ կազմակերպելու ճանապարհով: Համագործակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մշակույթի կենտրոնի հետ, այնտեղ ունեցել են մի քանի ցուցահանդեսներ, որից հետո համահինադիրը որոշել է ձեռնարկել այս նախագիծը: 

«Ընդհանրապես, սիրել եմ արվեստը ու իմ հավաքածուում ունեցել եմ բավական հետաքրքիր աշխատանքներ: Ցանկություն կար՝ հետագայում առավել լուրջ զբաղվել»,- պատմեց Արմեն Թուրաջյանը:

Հիմնադիրներն այլ երկրների ստեղծագործողների աշխատանքները Հայաստանում ներկայացնելու և շատ այլ նախագծեր կյանքի կոչելու նպատակով գործակցել են համահիմնադիրներից կոլեկցիոներ Դավիթ Ալեքսանդրովիչի հետ:

«Ցանկություն կար այն գաղափարները, որոնք արդեն իրագործվել էին շատ քաղաքներում և շատ միջազգային ցուցահանդեսներում, ներկայացնել նաև Երևանում: Մեր նպատակն է ներկայացնել ոչ միայն տեղացի  հայտնի նկարիչներին, այլև՝ բացահայտել աշխատել ցանկացող տաղանդավոր երիտասարդների պոտենցիալը»,- նշեց Ալեքսանդրովիչը: 

Հիմնադիրները վստահեցրին՝ այցելուները պատկերասրահում ժամանակ առ ժամանակ նոր ստեղծագործություններ կգտնեն: Վստահ են՝ կկարողանան հասարակության շրջանում բարձրացնել քանդակագործության հանդեպ ուշադրությունը, կստիպեն հասարակությանը ուշադրության կենտրոնում պահել նաև հայ քանդակագործների աշխատանքները: 

Կարինե Տերտերյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am