Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ

Armenpress 11:54, 14 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում ասվում է.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։Հուլիսի 14-ը և Ֆրանսիական հեղափոխությունը բեկումնային եղան համաշխարհային պատմության մեջ և լուսավորության, մարդու իրավունքների և իրավահավասարության նոր դարաշրջան բացեցին քաղաքակիրթ աշխարհի համար։Մենք մեծապես գնահատում ենք երկու երկրների և ժողովուրդների միջև առկա անկեղծ բարեկամությունն ու համերաշխությունը և շարունակելու ենք ջանքեր գործադրել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։Վստահ եմ, որ մոտ ապագայում միասին նոր հաջողություններ կգրանցենք՝ կյանքի կոչելով «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի» դրույթները։

Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am