Դեսպան Փոլադյանը և Ահմեդ Աբուլ Ղեյտը քննարկել են Հայաստանի և արաբական երկրների միջև հարաբերությունների զարգացումը

Armenpress 19:40, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 6-ին հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման սկզբում Հրաչյա Փոլադյանը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի հավատարմագրման մասին։ Այս առիթով կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի և արաբական երկրների, ինչպես նաև՝ Հայաստանի և ԱՊԼ միջև հարաբերությունների հնարավոր զարգացումը։ Հրաչյա Փոլադյանն ընդգծել է արաբական ուղղության կարևորությունը Հայաստանի համար։

Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արաբական երկրներում հայ համայնքների դրական դերակատարությանը հայ-արաբական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև՝ այդ երկրների հասարակական կյանքում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am