Ուիմբլդոնի վիճակահանության ֆավորիտների առաջին մրցակիցները հայտնի են  

Armenpress 14:19, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի` Ուիմբլդոնի վիճակահանության արդյունքում հայտնի են մեկնարկային խաղերի զույգերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մեկնարկում կմրցի կորեացի Կվան Սունվունի հետ: Շվեյցարացի Ստեն Վավրինկան ուժերը կչափի իտալացի Ջանիկ Սինների, թենիսի ծագող աստղ Կարլոս Ալկարասը` գերմանացի Յան-Լեննարդ Ստուֆի, իսկ Ռաֆայել Նադալը` արգենտինացի Ֆրանչեսկո Կերունդոլոյի հետ:

Կանանց մենախաղում թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը առաջին շրջանում կխաղա Ֆրանսիայից Հարմոնի Տանի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմմա Ռադուկանուն` Բելգիայից Ալիսան վան Ույտվանկի հետ և այլն:

Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը: Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am