Հունիսի 7-ն ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է

Armenpress 12:27, 6 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 7-ն ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հիշեցնում եմ, որ հայտ եք ներկայացնում մեկ առարկայից: «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաները մեկ թեստում են տեղակայված, էական չի, թե որ առարկան կնշեք էլեկտրոնային մատյանում: Նույնը վերաբերում է «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներին»,-գրել է նա:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սահմանված կարգի համաձայն՝ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակելու է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։

«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների ատեստավորումն անցկացվելու է գրավոր եղանակով՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող մանկավարժական բուհերում՝ մասնագիտական հանձնաժողովների կողմից:

Բոլոր առարկաների ատեստավորումներն անցկացվելու են սեպտեմբերին:

Առաջադրանքները խստիվ համապատասխանելու են տվյալ առարկայի ծրագրին: Հատուկ ուշադրություն է դարձված առաջադրանքների ծավալի և հատկացվող ժամանակի հարաբերակցությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am