Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Armenpress 15:47, 2 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Խարդալիաս Նիկոսի գլխավորությամբ հունիսի 2-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Խարդալիաս Նիկոսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրույթներին, ինչից հետո պարոն Խարդալիաս Նիկոսը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am