Ոստիկանության ներդրումն անուրանալի է հայոց պետականության վերահաստատման գործում. Վահե Ղազարյանի ուղերձը

Armenpress 11:12, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության ծնունդը, հայոց պետականության վերականգնումն ու հաստատումը հայ ժողովրդի բազում սերունդների երազանքն էր, որ իրականություն դարձավ 1918 թվականի մայիսի 28-ին: Իրականություն դարձավ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերի, հազարավոր հայորդիների մեծ սխրանքի, ինքնիշխան պետությանն իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների նվիրումի շնորհիվ: Հայաստանի Հանրապետության հռչակումը շրջադարձային էր ողջ հայության համար: Անկախ պետականությունն այլևս համազգային գաղափար էր, որն աշխարհի հայերին ապրեցնում է արդեն դարից ավելի՝ բոլոր ձեռնարկները մղելով մեկ թիրախի, ապահովելով ազգային միասնականություն և միասնական նպատակներ: Մեծ տոնի առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ողջ անձնակազմին, որի ներդրումն անուրանալի է հայոց պետականության վերահաստատման և ամրապնդման, հայրենիքի սահմանները պաշտպանելու, երկրում հասարակական կարգ և օրինականություն ապահովելու գործում: Շնորհավորում եմ բոլորիդ ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին: Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս՝ մեր պետության ծննդյան օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, շենացում, իրականացում մեր ազգային իղձերի ու ծրագրերի»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am