ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Armenpress 16:09, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԿԳՄՍ-ից, նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:

Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով:

Խորհուրդը քննարկել են նաև հայտերի կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր: Այդ նպատակով առաջարկվել է հայտադիմողներին հրավիրել սեմինարների, ինչպես նաև ակտիվացնել թանգարանների գիտական բաժինները՝ հայտերի լրացմանը օժանդակելու աշխատանքները կազմակերպելիս:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է որոշ առաջարկների՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում ընդգրկելու հրատապությունը: Այս առնչությամբ կարևորվել է պետական մշակութային քաղաքականության դերը՝ արժեքների պահպանմանն ուղղված ջանքեր գործադրելու, գործընթացում այլ գերատեսչությունների ընդգրկելու առումով:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկները մասնագիտական դիտարկումներով ուղարկել լրամշակման, խմբագրման, մանրամասների ճշգրտման՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով խորհրդատվական աջակցություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am