Արդարադատության նախարարը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ներքին գործերի նախարարին

Armenpress 18:09, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը հայտնել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման մասին և ներկայացրել գործընթացի մանրամասները: Լիտվացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության և ոստիկանության միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների թեմայով փորձի փոխանակմանը: Որպես Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը համակարգող և ոստիկանության բարեփոխումներով զբաղվող՝ նախարար Անդրեասյանը լիտվացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ ակնկալելով ամրապնդել հետագա համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև պարեկային ծառայությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am