Ընդդիմադիրները դադարեցրել են նախագահի նստավայրի և անվտանգության խորհրդի շենքի շրջափակումը

Armenpress 11:12, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները բացեցին Հայաստանի նախագահական նստավայրի, ինչպես անվտանգության խորհրդի շենքի մուտքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, որի ընթացքում  նշեց, որ նախագահական նստավայրը և անվտանգության խորհրդի շենքերի մուտքերը փակելու իրենց գործողությունների արդյունքում նախագահի աշխատակազմի, ինչպես նաև անվտանգության խորհրդի աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել:

Սաղաթելյանը հավելեց, որ այլևս անիմաստ է շենքերը շրջափակման մեջ պահելը, քանի որ երկու շենքում էլ մարդ չկա: «Ես կոչ եմ անում մեր մյուս հայրենակիցներին, որոնք այս պահին գտնվում են անվտանգության խորհրդի շենքի դիմաց և նախագահականի մյուս մուտքերի մոտ, դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ, որպեսզի երթով շարունակենք անհնազանդության այլ ակցիաները»,- ասաց Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ պետք է նույն եղանակով շարունակել, ճնշումն ավելացնել, ավելացնել անհնազանդության, բողոքի ակցիաների ծավալն ու քանակը: Նրա խոսքով՝ սա է իրենց նպատակին հասնելու ճանապարհային քարտեզը և հաղթանակի հասնելու բանաձևը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am