Հայտնի է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցույթի հաղթողը

Armenpress 12:33, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ հանձնախմբի և քաղաքացիների կարծիքները համընկել են:  

«Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար: Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար: Հայաստանը պետք է կարողանա  նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»,-նշել է Գագիկ Ծառուկյանը։

Ընթացիկ տարվա հունվարին Գագիկ Ծառուկյանն ու իր ընտանիքը հայտնել էին Հիսուս Քրիստոսի  արձան կառուցելու նախաձեռնության մասին: Այն հանրային լայն քննարկման թեմա էր դարձել:  Նա նշել էր, որ Քրիստոսի արձանը երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա: Հայտարարվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ստեղծման մրցույթ: Քաղաքացիների քվեարկության ու հանձնախմբի որոշման արդյունքում հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am