«Ոսկի սերմեր». երգիչ, խմբավար Գևորգ Հաճյանի հիշատակին նվիրված մրցույթ կանցկացվի

Armenpress 11:52, 10 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարել են «Ոսկի սերմեր. երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի մեկնարկը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, երգիչ-խմբավար Գևորգ Հաճյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոսկի սերմեր» ծրագրի նպատակն է ոչ միայն արձանագրել Արցախյան գոյամարտի ընթացքում անմահացած հերոսների սխրանքը, այլև իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած այդ նվիրյալների անունները շաղկապել մեր երկրի կրթության, գիտության և մշակույթի առաջընթացի գաղափարին` խրախուսելով օժտված, շնորհալի երիտասարդներին։ Ծրագրի կարգախոսն է «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կատարողական արվեստ» մասնագիտության «Վոկալ արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» բակալավրի կրթական ծրագրով սովորող, վճարովի համակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները։

Մասնակցի մրցութային ելույթը պետք է ընդգրկի 2 ստեղծագործություն մասնակցի ընտրությամբ, որոնցից մեկը՝ հայ կոմպոզիտորի երգ կամ արիա։ Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր: Մրցույթի հաղթողը կպարգևատրվի «Ոսկի սերմեր» կրթամրցանակով՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Մրցույթի մասնակցության հայտը հարկ է ներկայացնել մինչև 2022-ի մայիսի 11-ը ԵՊԿ ակադեմիական երգեցողության ամբիոն։ Մրցութային ունկնդրումը տեղի կունենա մայիսի 13-ին՝ ժամը 12.00-ին, ԵՊԿ 2-րդ հարկի դահլիճում։ Մրցութային ելույթները կգնահատվեն ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված են ԵՊԿ դասախոսներ, «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի և Հաճյան ընտանիքի ներկայացուցիչներ, բարերարներ։ Ժյուրիի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am