Նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնած Մակրոնը խոստացել է Ֆրանսիան ավելի անկախ դարձնել

Armenpress 15:05, 7 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը երդմնակալությունից հետո առաջին ելույթում խոստացել է անել ամեն բան, որպեսզի երկիրն ավելի անկախ լինի ու կարողանա «ֆրանսիական և եվրոպական պատասխան տալ մեր դարի մարտահրավերներին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ «ներկայիս ժամանակների լրջության գիտակցումն ուղեկցում է իրեն»՝ սկսած Եվրոպայում վերջին շրջանի իրադարձություններից մինչև համավարակ ու բնապահպանական հարցեր: «Շատ հազվադեպ են մեր աշխարհն ու մեր երկիրը բախվել նման մարտահրավերների հետ: Ֆրանսիայի ժողովուրդն ընտրել է ապագայի հստակ նախագիծը, հանրապետական ու եվրոպական նախագիծը, ապակայունացված աշխարհում անկախության նախագիծը, գիտական, սոցիալական ու բնապահպանական առաջընթացի նախագիծը»,- հայտարարել է Մակրոնը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am