Թուրքիան FLYONE ARMENIA-ին չի թույլատրել իր օդային տարածքով եվրոպական երկրներ չվերթներ իրականացնել

Armenpress 16:23, 5 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են FLYONE ARMENIA ընկերությունից, նշելով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը:

Նշվում է, որ Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները.

թռիչքի ամսաթվի փոփոխություն,

Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում,

Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքներից մեկը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am