Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիր

Armenpress 17:49, 4 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստան: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022թ. ռազմական համագործակցության ծրագիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am