Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Armenpress 16:25, 4 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը Վրաստանի վարչապետին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Երկուստեք բարձր է գնահատվել վարչապետ Փաշինյանի և վարչապետ Ղարիբաշվիլիի ջերմ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների նման դրական որակը կփոխանցվի հայ-վրացական համագործակցությանը՝ այլ մակարդակներում:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների ընթացքը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչի համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների լուծման և տարածաշրջանում կայունության պահպանման վերաբերյալ:

Քննարկվել են տարածաշրջանային տնտեսական և հումանիտար հարցերում Վրաստանի միջնորդության հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա՝ ինչի շրջանակներում կիսվել են իրենց երկրների մարտահրավերների կառավարման փորձով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am