ՄԻՊ-ը կարևորում է պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացված տրամադրությունները հանդարտեցնելու հարցում

Armenpress 13:46, 4 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խիստ կարևորում է պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ՄԻՊ գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացմանն իր եզրափակիչ ելույթում:

Գրիգորյանը նախ նշեց, որ ԱԺ-ի, իրավասու հանձնաժողովների հետ աշխատանքի ավելի ինտենսիվացման, կոնկրետ գործնական քայլեր են արդեն իրականացվում:

«Որպես ԱԺ կողմից ընտրված ՄԻՊ՝ խիստ կարևորում եմ խորհրդարանի և պատգամավորների դերը հասարակության մեջ բևեռացվածության, ծայրահեղականության տրամադրությունները հանդարտեցնելու և հանրային համերաշխության խոսակցությունները, ուղերձները, գործելակերպերն առաջ մղելու հարցում: Կարևոր է, որ խորհրդարանն ունի այդ հանրային մեծ դահլիճը: Այդ առումով կարծում եմ, որ պաշտպանի հաստատության համար այս գործելակերպերը շատ ավելի օգտակար են, և մենք դրա արդյունքում ավելի քիչ խախտումներ ենք ունենում մեր երկրում և ավելի շատ կանխարգելման ճանապարհով ենք գնում»,-ասաց ՄԻՊ-ը:

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ ամենակարևոր նպատակն է խախտումների կանխարգելումը՝ տարբեր կարգավորումներով, բայց նաև պաշտոնյաների՝ որպես հանրային դերակատարների վարքագծով և օրինակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am