ԱԺ նախագահի խոսքով՝ ընդդիմության գործողությունները համընկնում են ամենակարևոր այցերի և սահմանին իրավիճակի լարման հետ

Armenpress 12:51, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդդիմության հանրահավաքի հենց առաջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանին գրանցվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հետևությունները թողնում եմ ձեզ։ Ես դրա մասին բազմաթիվ անգամ ասել եմ, որ գրեթե միշտ մեր ընդդիմության գործողությունները համընկնում են կամ ամենակարևոր այցերի հետ (օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կամ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը), կամ համընկնում են սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ»,- ասաց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանը դա չի համարում զուգադիպություն։ Ըստ ԱԺ նախագահի՝ այդ գործողությունները ինչ-որ ձևով համակարգվում է։

«Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները լավ հասկանում են և նաև գիտակցելով՝ չեն միանում. այս հանրահավաքները, երթերը գնալով ավելի սակավ մարդկանցով են տեղի ունենում։ Որպես այդ գիտակցման հետևանք՝ մարդիկ չեն մասնակցում»,-ասաց Սիմոնյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am