Երևանում հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով հոկտեմբերից կգործի կառավարման կենտրոն

Armenpress 14:24, 28 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով կառավարման կենտրոն կստեղծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Մեր բոլոր ավտոբուսները կահավորված են տեսախցիկներով: Կառավարման կենտրոնում  կլինեն  օպերատորներ, որոնք ժամանակի ցանկացած պահին վերահսկողություն կիրականացնեն: Ծրագիրը թեստավորման փուլում է: Հոկտեմբերին ամբողջական կառավարման կենտրոն կունենանք»,-հավելեց քաղաքապետը:

Նա ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին մետաղադրամները գցել համապատասխան արկղի մեջ՝ դրանով իսկ նպաստելով համայնքի համար հավելյալ այլ միջոցների ձեռքբերմանը:

«Մենք վարորդների պայմանները ևս բարելավել ենք: Առողջապահության ապահովագրություն ենք տվել: Անցած տարի մենք 10 միլիարդ դրամ ենք ծախսել և ձեռք ենք բերել 211 ավտոբուս, հիմա պատրաստվում ենք ևս 100 ավտոբուս , 15 տրոլեյբուս  ձեռք բերել՝ բոլորը հավաքագրված գումարների հաշվին»,-ասաց նա:

Հրաչյա Սարգսյանն ընդգծեց, որ հանրային տրանսպորտի ոլորտում երթևեկության կազմակերպման հետ կապված որոշակի խնդիրներ լուծելուց հետո նոր ավտոբուսները ժամային առումով  մինչև 23.55 կաշխատեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am