Հայերը, հույներն ու ասորիները 107 տարի շարունակ արդարություն են պահանջում. «Հունական լուծում» կուսակցության նախագահ

Armenpress 12:51, 24 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանում ներկայացված «Հունական լուծում» կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Սպանված հայերն, ինչպես նաև Փոքր Ասիայի և Պոնտոսի հույներն ու ասորիները 107 տարի շարունակ արդարություն են պահանջում։ Եկեք այսօր, երբ աղոթենք մեր տոնական սեղանի շուրջ, հիշենք թուրքական ոճրագործության զոհերին: Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանությունն են: Հայոց ցեղասպանությունն իրագործվեց երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:  Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am