Վարչապետը բացառում է որևէ փաստաթղթի ստորագրումը առանց հանրային լայն քննարկման

Armenpress 16:03, 22 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ կստորագրվի ԼՂ կարգավորման որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման:

«Բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում` Արցախի հանրության բոլոր շերտերի հետ: Սա երաշխիք է, երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստի ժամանակ ընդգծեց Փաշինյանը:

Երկրի ղեկավարի խոսքով` այս առումով հոռետեսները բերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրինակը, որը ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման:

«Սա տարօրինակ համեմատություն է, որովհետև պատերազմի պայմաններում, ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պետք է որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 հազար զինվորի և Արցախը հայաթափումից փրկելու համար և համեմատությունները պարզապես տեղին չեն: Բայց մյուս կողմից մեր ողջ քաղաքականությունն ու քայլերը հենց դրան են ուղղված, որ ստիպված չլինենք նմանատիպ պայմաններում որոշում կայացնել»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` այս պահին բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է:

« Դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետն է և դրան մեր արձագանքը, որն, ըստ էության, ամբողջությամբ հրապարակվել է հարցազրույցների, ելույթների ընթացքում, և այս գործելակերպը շարունակելու ենք հետագայում այնքանով, որքանով թույլ կտա դիվանագիտական միջպետական հարաբերությունների էթիկան»,- եզրափակեց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am