Պաշտոնական Բաղդադը դիվանագիտական նոտա է հղել Թուրքիային

Armenpress 14:02, 20 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեյը թուրքական ռազմական գործողությունների պատճառով կանչվել է Իրաքի արտաքին գործերի նախարարություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է kurdistan.ru-ն:

«Իրաքի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, կանչել է Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեին՝ բողոքի նոտա հանձնելու համար՝ կապված Իրաքյան Քրդստանի սահմանամերձ շրջաններում Անկարայի վերջին ռազմական գործողության հետ»,-ասվում է տեղեկության մեջ։

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսում մեկնարկել է «Մագիլ-կողպեք» ռազմական գործողության առաջին փուլը:

Ռազմական գործողությունն ուղղված է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ Իրաքում տեղակայված ուժերի դեմ:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ  իրաքյան Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում ռազմական գործողությունը սկսվել է ապրիլի 18-ի գիշերը՝ ավիացիայի աջակցությամբ։

Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակի կողմից  տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի հյուսիսում սկսված թուրքական գործողությունը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am