Նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է. Փաշինյանը՝ ԼՂ հարցում իրավիճակի մասին ժողովրդի հետ անկեղծ խոսելու մասին

Armenpress 12:20, 13 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի պատճառներին, դրանում իր պատասխանատվությանն ու մեղավորությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում Փաշինյանն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է: Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել ու հուղարկավորվել են 2021 թվականին:  

«Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են 2021 թվականի հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը. Ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի եւ թե պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու եւ այդպիսով նաեւ դավաճանության մեջ: Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում եմ մեղքը, բայց չեմ ընդունում մեղադրանքը եւ թերեւս բոլոր՝ թե քաղաքական, թե բարոյական եւ թե ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի: Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ: Եւ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ մեղավոր եմ դրանում»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց՝ մեղավոր է, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու եւ մոտիկ բարեկամներն ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: «Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն եւ աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաեւ, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում: Մեղավոր եմ, որ հստակ եւ աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար եւ միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նրա խոսով՝ սա չանելն է իր իրական մեղքը. «Մեղադրանքի նման ձեւակերպումը ամենեւին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը դրանով ավելի եմ սրում, որովհետեւ հանձնելով, գուցե, կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եւ, թերեւս, նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է. դա ավելին է քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ իրավիճակի բարդությունն այն է, որ սրանով պատմությունը  չի ավարտվում, որովհետեւ մի հարց է ժամանակին հանրության, ժողովրդի հետ այդ մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը եւ երրորդ հարցը՝ այդ ամենը կյանքի կոչելը:

«Որպեսզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Եւ ինքս ինձ, խոստովանեմ, չկարողացա համոզել: Իսկ ինչո՞ւ չկարողացա համոզել: Այն նույն պատճառով, ինչ պատճառով, մինչեւ օրս մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ եւ այդ պատճառը պայմանականորեն կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. «Սանասա՞ր, թե Կուբաթլի, Զանգելա՞ն, թե Կովսական»:

Այն նույն պատճառով, որ Արցախի եւ Հայաստանի մի շարք խորհրդարանական գործընկերներ մինչեւ օրս Արցախի տարածքային ամբողջականության մասին խոսելով հաճախ նկատի են ունենում ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլեւ 7 շրջանները, որոնք Արցախի օրենսդրությամբ մինչեւ օրս էլ  համարվում են Արցախի Հանրապետության մաս:    

Ինքս ինձ չկարողացա համոզել նաեւ այն պատճառով, որ 25 տարի մենք Հայաստանի հանրությանը ասել ենք, թե բոլոր զրկանքները, որ կրել ենք եւ կրում ենք՝ ունի մի մեծ նպատակ եւ այդ նպատակը Արցախի ազատությունն է: Բոլոր զրկանքները, որ մենք կրում ենք հանուն հզոր բանակ ունենալու է եւ դժվար է հավատալ, որ այդքան զրկանքների վրա կառուցված բանակը չի կարողանա պաշտպանել մեր երազանքը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ ինքն իրեն չկարողացավ համոզել, որովհետեւ աշխարհաքաղաքական կենտրոնները ընդհանուր առմամբ նույն ուղղությամբ էին մտածում, այն իմաստով, որ բոլորն էլ աներկբա ճանաչում էին եւ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայցեւայնպես միակամ եւ միասնական չէին պոտենցիալ հանձնումից հետո տեղի ունենալիք իրադարձությունների տրամաբանության մասով եւ այդ հակասությունները, որոնք արդեն իսկ սրվել էին Սիրիայում, Լիբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, ի վերջո Լեռնային Ղարաբաղում միանշանակորեն հանգեցնելու էին պայթյունի:

«Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ եւ որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են եւ անընդունելի մեզ համար:

Ինքս ինձ չկարողացա համոզել նաեւ այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն մենք ստեղծել ենք ֆասադ եւ լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը, գլխովին ենք ձախողել: Նույնիսկ երկար տարիների ընդդիմադիր լինելով ես չկարողացա սա խոստովանել ինքս ինձ, ու առավելեւս չէի կարող նման որոշում ու դատավճիռ հրապարակել մարդկանց աչքերի մեջ նայելով»,- նշեց նա:

Փաշինյանը շեշտեց՝ սա հիմա չի ասում անցյալի մասին խոսակցություն բացելու համար, սա ասում է ապագայի մասին խոսակցություն բացելու համար: Նրա խոսքով՝ բովանդակային առումով իրավիճակը չի փոխվել, ու ինքը չի ուզում նույն սխալները կրկնել:

«Այս ամբողջ իրադրության ու պատմության մեջ քաղաքական ու ռազմաքաղաքական առումով մի քանի բան է փոխվել միայն: Ադրբեջանը ստացել է 7 շրջանները եւ մի հատված Լեռնային Ղարաբաղից, Արցախում տեղակայվել են ռուս խաղաղապահներ: Մնացած ամեն ինչը, բացարձակապես ամեն ինչը նույնն է: Եւ ես չեմ ուզում եւ չեմ կարող այս մասին ուղիղ եւ անկեղծ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին եւ ժողովդրին:

Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի այլեւ Հայաստանի համար:  

Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ:

Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել: Վերջերս մի օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ ունեցած զրույց շատ խորը հետք է թողել իմ մտքում: Այդ պաշտոնյան ասում էր, որ իր ժողովուրդը վերջին 200 տարվա ընթացքում 7 անգամ դիլեմայի առաջ է կանգնած եղել. կռվե՞լ, թե չկռվել: Եղել են դեպքեր, երբ որոշել են կռվել ու հաջողություն են ունեցել, եղել են դեպքեր, երբ որոշել են կռվել ու անհաջողություն են ունեցել, եղել են դեպքեր, երբ որոշել են չկռվել, բայց չեն կարողացել չկռվել, որովհետեւ կռիվը պարտադրվել է իրենց: Բայց մեծ հաշվով այդ հարցը անընդհատ հառնում է ժողովուրդների առաջ, որովհետեւ կա մի սարսափելի փաստ. այսօր աշխարհում, կամ հին աշխարհում կամ չկա կամ շատ քիչ են երկրները, ովքեր գոհ ու երջանիկ են իրենց սահմաններով եւ արդար են համարում դրանք: Չկա պարզապես, բայց ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ պետք է կանգ առնել ու ինքը շնորհակալ է իր այն սերնդին, որը կանգ առնելու որոշում է կայացրել եւ կարողացել է կյանքի կոչել այդ որոշումը»,- մանրամասնեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ սրանք են այն սոցիալ հոգեբանական մոտիվները, որոնք կառավարությանը եւ անձամբ իրեն ստիպում են ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ բարդությունների ավելի ու ավելի հետեւողական ու համոզված պնդել, որ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի: «Այն ամենը, ինչ ես ասացի, իրականում հեշտ չէ ասելը, իրականում հեշտ չէ այս ամենը ասելու որոշում կայացնելը: Այս ամենը ասելը դժվար է բազմաթիվ պատճառներով՝ սկսած նրանից, որ Հայի ետին խելքը նորից հառնում է իր ողջ պերճանքով ու դժբախտությամբ:  Բայց եթե Աստված եւ ժողովուրդը շատերի համար անսպասելի եւ  անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը եւ ժողովրդին, ուրեմն այս ամենը ասելը եւ այս ամենի պատասխանատվությունը ստանձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք իմ խաչը, որը պիտի տանեմ: Եւ քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում, ու քանի որ ավագ շաբաթ է, պիտի նաեւ խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաեւ Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետեւ Աստծո որդիներ պիտի կոչվեն: Բայց, քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետեւ հիմա մեզ առավել քան երբեւէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում եւ իրատեսական գնահատական»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am