Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը

Armenpress 14:55, 11 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի կառավարության ապրիլի 12-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը։

Տեղեկության համաձայն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող գործողությունները լինելու են նիստի առաջնահերթ թեմաներից, ինչպես եղել է վերջին մի քանի նիստերում։

Գնահատվելու են Թուրքիայի դիվանագիտական ջանքերը ՌԴ և Ուկրաինայի ղեկավարներին մի սեղանի շուրջ բերելու և մշտական հրադադարի հասնելու համար։

Կառավարության օրակարգում լինելու են նաև արտաքին քաղաքականության և տարածաշրջանային այլ հարցեր։

Գնահատվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հնարավոր մեկնարկը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ առաջիկա ժամանակահատվածում պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռնարկվելիք համատեղ քայլերը, Սիրիայում և Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումները։

Թուրքիայի ներքին կյանքին վերաբերող հարցերում առաջին պլան մղվող թեմաներից են լինելու տնտեսությանը վերաբերող հարցերը։

Քննարկվելու են բարձր գնաճի  դեմ ձեռնարկվելիք միջոցները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am