Կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներ է քննարկում, կատարում ծախսերի վերաբաշխումներ. նախարար

Armenpress 14:50, 28 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հիմա հակաճգնաժամային բազմաթիվ միջոցառումներ է քննարկում, դրանց իրականացման համար միջոցներ է հատկացնում և կատարում՝ ծախսերի վերաբաշխման որոշումներ կայացնելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին:

Պատգամավորը, անդրադառնալով նախարարի՝ 2022-ի բյուջեով նախատեսված ծախսերի կրճատում չանելու վերաբերյալ խոսքին, ասաց, որ պետությունը չի կարող անվերջ պետական պարտքն ավելացնել: Նա կարևորեց ճգնաժամերի ընթացքում ծախսերի վերանայում իրականացնելը: «Ես կարծում եմ, որ Ֆինանսների նախարարությունը պետք է հստակ ու կտրուկ միջոցներ ձեռնարկի, որովհետև այս ծանր ֆինանսական իրավիճակում մեր երկիրն իրեն ճոխություններ թույլ տալ չի կարող, մասնավորապես՝ կլինի պարգևավճարների առումով, գործուղումների կրճատումներով, թե գործուղումների մեկնող անձանց քանակի կրճատումներով»,-ասաց Ստամբուլյանը:

Անդրադառնալով Ստամբուլյանի՝ ծախսերը կրճատելու, մասնավորապես, պարգևավճարները կրճատելու վերաբերյալ արած դիտարկմանը՝ նախարարն ասաց. «Ներսում անկասկած որոշակի փոփոխություններ կլինեն: Կառավարությունը հակաճգնաժամային բազմաթիվ միջոցառումներ է քննարկում  հիմա և դրանց իրականացման համար միջոցներ է հատկացնում և դա կատարում է ծախսերի վերաբաշխման որոշումներ կայացնելով, այդ թվում՝ ընթացիկ: Եթե գա այնպիսի պահ, որ  պետք է վերանայվեն նաև պարգևավճարներին տրվող որոշակի գումարներ, որպեսզի որոշակի առաջնահերթ կարևոր ծախսեր կատարվեն, բնականաբար,  կլինեն նաև այդ որոշումները»:

Անդրադառնալով գնաճին՝ նա հիշեցրեց, որ դա ԿԲ-ի անելիքն է: «Այս տեսանկյունից կառավարությունը կարող էր գնաճը զսպել, որ նվազեցներ իր ծախսերն ընդհանուր առմամբ, որպեսզի ավելի զսպողական քաղաքականության արդյունքում տնտեսական ակտիվությունը սեղմվեր և գները հետ գնային: Բայց մենք կարծում ենք, որ այդպիսի բան հիմա չենք անելու,  թող ԿԲ-ն իր գործիքակազմով կառավարի գները»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ երբ տնտեսությունն արտաքին ուժերի պատճառով ճնշում է զգում իր վրա, լրացուցիչ ճնշում կառավարությունն իր կողմից չպետք է ավելացնի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am