Ադրբեջանի արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է. Արցախի ԱԳՆ հայտարարությունը գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ

Armenpress 16:25, 22 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

«Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ Ադրբեջանի պահվածքը ահաբեկչություն է մարդասիրական նորմերի դեմ։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։ Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը»,-նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am