Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում Երևանում առաջին անգամ հանդես կգա թավջութակահար Մարկ Քոփեյը

Armenpress 11:00, 17 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության լավագույն հարթակ համարելով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հետևողականորեն մասնակցում է օրվան նվիրված միջոցառումներին: 2022-ը ևս բացառություն չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա կապակցությամբ մարտի 18-ին նվագախմբի հրավերով Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա անվանի ֆրանսիացի թավջութակահար Մարկ Քոփեյը: Նա մեր օրերի առաջատար թավջութակահարներից է, որին բարձր են գնահատել և իրենց հովանու ներքո առել Մստիսլավ Ռոստրոպովիչը և Լորդ Եհուդի Մենուհինը: Քոփեյը Լայպցիգի Բախի անվան հեղինակավոր մրցույթի Առաջին և Հատուկ մրցանակակիր է (1988թ.):

Երեկոյին թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը, կհնչեն նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» և Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» ստեղծագործությունները: Համերգի դիրիժորն է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am