Ցանկացած դեպքում հանրությունը կծանուցվի որևէ գործողության վերաբերյալ. ԿԲ-ն՝ «Միր» քարտերը չսպասարկելու Ուկրաինայի կոչի մասին

Armenpress 12:33, 11 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչին:

«Արմենպրես»-ի հարցմանը, թե ԿԲ-ն ի՞նչ դիրքորոշում ունի Ուկրաինայի Ազգային բանկի հայտարարության վերաբերյալ, որով կոչ է արվում Հայաստանի, Թուրքիայի Տաջիկստանի և մի շարք այլ երկրների դադարեցնել ռուսական «Միր» վճարային քարտերով ցանկացած գործառնություն, ՀՀ Կենտրոնական բանկից  հայտնեցին, որ ցանկացած դեպքում հասարակությանը պատշաճ կծանուցի որևէ գործողության վերաբերյալ:

«Ուկրաինայի ազգային բանկը հրապարակային հայտարարել է, որ դիմել է գործընկեր երկրների բանկերին ռուսական «Միր» վճարային քարտերով ազգային համակարգերում գործառնությունների դադարեցման կոչով։ ՀՀ կենտրոնական բանկի որոշումները մշտապես եղել են թափանցիկ, և ցանկացած դեպքում հասարակությունը պատշաճ կծանուցվի որևէ գործողության վերաբերյալ»,-հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից:

Ուկրաինայի ազգային բանկի առաջարկը մասնավորապես վերաբերում է բանկոմատների, POS տերմինալների ցանցերում «Միր» քարտերի սպասարկման դադարեցմանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի և փոխանցումների համար դրանց օգտագործումն անհնարին դարձնելուն։

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am