Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո

Armenpress 13:08, 9 Մարտ, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները մարտի 9-ի առավոտից սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները, կարծես, արդյունք են տվել, և հիմա սակրավորները դեպքի վայրում են՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ աշխատանքներից հետո նոր կմեկնարկեն վերականգնողական աշխատանքները:

«Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ի ժամը ՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է  մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ  Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: «Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- նշված էր հաղորդագրության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am