Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

Armenpress 12:57, 26 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը՝ փետրվարի 24-ին, Փարիզում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան տիկին Ֆրանս դը Հարթինգը ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Շքանշանը տիկին դը Հարթինգին հանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը Հայաստանի անունից երախտագիտություն է հայտնել տիկին դը Հարթինգին՝ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման հարցում կարևոր ներդրման համար՝ հիշեցնելով, որ վերջինիս պաշտոնավարման տարիները (1992-1996) համընկել են Հայաստանի ու Արցախի համար ամենածանր շրջաններից մեկի հետ։

Տիկին դը Հարթինգն իր շնորհակալական խոսքում ջերմությամբ վերհիշել է Հայաստանում իր աշխատանքի տարիները և ներկաների հետ կիսվել իր գործունեության ամենահետաքրքիր դրվագներով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am