Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը

Armenpress 10:38, 22 Փետրվար, 2022
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուսաստանի նախագահի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 
«Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը:
Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:
Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,- գրել է Հարությունյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի սուվերենությունը ճանաչելու մասին։ Պուտինն այս մասին հայտարարեց ռուս ժողովրդին ուղղված ուղերձում։ ՌԴ նախագահն ուղերձից հետո ստորագրեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու մասին հրամանագրերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների հետ ստորագրեց բարեկամության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրեր։ 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am