Կայացել է ուկրաինա-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը

Armenpress 16:50, 16 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 16-ին կայացել է ուկրաինա-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը, նշելով, որ նիստին մասնակցել են Ուկրաինայի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավարներ Անատոլի Կինախը եւ Արսեն Ղազարյանը, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ուկրաինայի եւ Հայաստանի գործարար ասոցիացիաների եւ առեւտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, երկու կողմերի արդյունաբերողների եւ գործարարների միության ձեռնարկությունների եւ ընկերությունների անդամներ։

Նիստի ընթացքում Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը նշել է դիվանագիտական ծառայության պատրաստակամությունը՝ ամեն կերպ նպաստել ուկրաինա-հայկական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկկողմ առեւտրի զարգացմանը, փոխադարձ ներդրումներին եւ այլն։

AnalitikaUA.net-ը նշում է նաեւ, որ Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագիծ՝ էլեկտրամոբիլների համար լցակայաններ բացելու ուղղությամբ։ Ուկրաինայի հայերը երկրում արդեն բացել են 24 էլեկտրալցակայան։ Իսկ 2021 թվականի աշնանն Ուկրաինայի հայերի միությունը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքական եւ հասարակական գործիչների ներկայացուցչական պատվիրակության աննախադեպ այցը Երեւան։

«Մեր նպատակն է նոր հզոր ազդակ հաղորդել Կիեւի եւ Երեւանի հարաբերություններին»,- ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am