Պետական նախարարն այցելել է Ասկերանի շրջանային բուժմիավորում

Armenpress 18:03, 14 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ու Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը փետրվարի 14-ին այցելել են Ասկերանի շրջանային բուժմիավորում և տեղում ծանոթացել հիմնարկի անցած տարվա գործունեության ցուցանիշներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը մանրամասն իրազեկվել է կատարված աշխատանքների ու առկա խնդիրների մասին և բուժանձնակազմի հետ քննարկվել բուժսպասարկման որակի բարձրացմանը, շենքային ու տեխնիկական պայմանների բարելավմանն առնչվող հարցեր:

Արտակ Բեգլարյանը հավաստիացրել է, որ ԱՀ կառավարությունն անհրաժեշտ ու վճռական քայլեր է իրականացնելու՝ համակարգային լուծումներով հարթելով առկա խնդիրները:

Պետական նախարարն ընդգծել է, որ նախատեսվում է մի շարք բարեփոխումների միջոցով ուժեղացնել շրջանային բուժմիավորումների կարողությունները և ակտիվ գործունեություն ծավալել հատկապես կանխարգելիչ առողջապահության արդյունավետության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am