Պարսկական ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի. Շահան Գանտահարյան
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարսկական ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս կանխատեսումն արեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Անդրադառնալով Իսրայելի վարչապետի հայտարարությունը առ այն, որ իր երկիրը պատրաստ է Արաբական Միացյալ Էմիրություններին աջակցելու ԱՄԷ-ի քաղաքացիներին Եմենի հարձակումներից պաշտպանելու համար, նա նշեց. «Նկատենք, որ վերջերս թափ էր հավաքել Թել Ավիվ-արաբական ծոցի երկրներ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը։ Գործընթաց, որ գնում է Վաշինգտոն-Թեհրան միջուկային հարցով բանակցություններին զուգահեռ։
Եմեն-ԱՄԷ բախումները, ըստ էության, Սաուդյան Արաբիա-Իրան պրոքսի պատերազմի պատկեր է։ Նման գործողություններ սահմանափակ տեսքով կշարունակվեն, չնայած որ աննախադեպ երևույթներ են գրանցվում՝ ինչպես Աբու Դաբիի վրա կատարված հրթիռակոծումը»,- ընդգծեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։
Նա կարծում է, որ Թել Ավիվի շահերից է բխում պարսկական ծոցում նման պայթունավտանգ և լարված իրավիճակի պահպանումը։ «Դա ենթահող կձևավորի Իսրայելին՝ ռազմական աջակցություն տրամադրելու և ավելի խորացնելու պարսկական ծոցի երկրների հետ իր նորահաստատ հարաբերությունները։
Ռազմաքաղաքական իրադարձությունների պարանաձգությունը, կարծում եմ, կշարունակվի Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների ֆոնին և սերտորեն կազդվի դրա վայրիվերումներից։ Համենայնդեպս, դրանք չեն վերաճի լայնամաշտաբ պատերազմի»,- կանխատեսեց Շահան Գանտահարյանը։