Հայաստանում մեկնարկել է «ԳինուԳործ» ծրագիրը, որը հայկական գինեգործության զարգացման համար նոր հնարավորություն կստեղծի

Armenpress 13:09, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է «ԳինուԳործ» (WineBizz)  ծրագիրը, որը կնպաստի գինեգործության ոլորտում առևտրային հարաբերությունների և համագործակցության խթանմանը բուլղարական և հայկական ընկերությունների ու գործարար ծառայություններ մատուցողների միջև։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ներդրումների աջակցման կենտրոնից, ծրագիրն իրականացվում է ԵՄ EU4BCC: Connecting Companies նախաձեռնության հովանու ներքո: Գործընկերներն են «Էնթերփրայզ Արմենիա» («Ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամը (Հայաստան) և Յամբոլի առևտրաարդյունաբերական պալատը (Բուլղարիա):

Նշվում է, որ ծրագրի արդյունքում երկու երկրների գործարար շրջանակների միջև կակտիվանա գինեգործության ոլորտում տեղեկատվության փոխանակումը, կձևավորվի բարենպաստ միջավայր փոխադարձ առևտրի համար: 

Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն հայ գինեգործների և գործարար ծառայություններ մատուցողների այցեր Բուլղարիա, ինչպես նաև բուլղարական պատվիրակության ուսուցողական այց Հայաստան: Փոխադարձ այցերի միջոցով երկու կողմերը կծանոթանան Հայաստանի և Բուլղարիայի բիզնես և ներդրումային միջավայրին, հնարավորություն կունենան փորձի փոխանակման, կայցելեն առաջատար գինեգործական ընկերություններ: Հայկական գործարար ծառայություններ մատուցողների համար կստեղծվի կարողությունների զարգացման բացառիկ հնարավորություն՝ Բուլղարիայում մասնագիտական դասընթացի շնորհիվ:  

Ծրագիրը գինեգործության ոլորտի հայկական ՓՄՁ-ներին միջազգային համագործակցություն հաստատելու և իրենց արտադրանքը արտաքին շուկաներում իրացնելու նոր հնարավորություն է ստեղծում: Այն նաև նոր խթան կլինի հայկական գործարար ծառայություններ մատուցողների համար, արտերկրի փորձին ծանոթանալու և Հայաստանում նոր որակի ծառայություններ ներդնելու համար:

Ծրագիրը կտևի չորս ամիս:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am