Հայկական Softr ստարտափը ներգրավել է 13,5 մլն դոլարի ներդրում

Armenpress 17:31, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Softr ստարտափը Ա սերիայի շրջանակներում ներգրավել է 13,5 մլն դոլարի ներդրում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ստարտափի հիմնադիրներն են Մարիամ Հակոբյանը և Արթուր Մկրտչյանը։ Հիմնական թիմը (ծրագրավորողները, դիզայներներ և այլն) գտնվում է Հայաստանում։

Softr ընկերության համահիմնադիր Արթուր Մկրտչյանի խոսքով՝ նախատեսում են միջոցներն օգտագործել արտադրանքի հնարավորությունները զարգացնելու և թիմը ընդլայնելու համար։

«Հայաստանում 2022 թվականին մենք կկրկնապատկենք թիմը, ակտիվորեն կհավաքագրենք մասնագետների: Դա հեշտ չի լինի, քանի որ ՏՏ ոլորտի մասնագետների շուկան Հայաստանում փոքր է, և կան բազմաթիվ ընկերություններ, որոնք պայքարում են լավագույն մասնագետներին իրենց ընկերությունում տեսնելու համար»,- նշեց ընկերության համահիմնադիրը:

Որպեսզի Հայաստանը դառնա աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը և ճանաչվի որպես համաշխարհային ընկերություն կառուցելու լավագույն վայրը, Մկրտչյանը կարծում է, որ պետք է փոխվի մտածելակերպը հայ տեխնոլոգիական համայնքում: Նրա կարծիքով՝ ավելի լավ է ունենալ հարյուրավոր ստարտափներ՝ ավելի քիչ աշխատողներով, քան հարյուրավոր աշխատողներով քիչ ընկերություններ:

«Մենք կազմակերպում ենք ծրագրավորման դասընթացներ փոքր խմբերի համար, ովքեր տուժել են 2020 թվականին տեղի ունեցած ծանր իրադարձություններից: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ծրագրավորողների առաջին խումբը կավարտվի ուսումը։ Ոգևորված ենք շարունակել դասընթացների ծրագիրը»,- նշեց ընկերության համահիմնադիրը։

Softr-ը հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում և առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր և վեբ հավելվածներ՝ որպես տվյալների բազա օգտագործելով Airtable հարթակը:

Կարինե Տերտերյան

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am